Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Մեր պարզասրտությունն է նաև մեր թշնամին. Վահրամ Օհանջանյան

Մեր պարզասրտությունն է նաև մեր թշնամին. Վահրամ Օհանջանյան
02.02.2023 | 07:25

Հիշու՞մ եք՝ Սեմյոն Պեգով անունով մի ռազմական թղթակից կար, Արծրուն Հովհանիսյանի պես 2020 թվի պատերազմի ռազմական գործողություններն էր հայկական կողմից լուսաբանում: Ասում էին՝ հայտնի ռազմական թղթակից Արամ Գաբրիելյանովի սանիկն է: Մերոնցից շատերը սիրահարվել ու գժվում էին նրա համար, անհամբեր սպասում էին նրա տեսանյութերին ու գովեստի խոսքեր էին հղում նրան:


Այդ օրերին խիստ բարկացած էի մեր անհեռատես ու հիմար իշխանություններից, որ թույլ էին տալիս օտար երկրների լրագրողներին, ռազմական թղթակիցներին մտնել մեր մարտական դիրքերը, նկարահանումներ, լուսանկարներ անել, որը պիտի առանձնապես գաղտնի լիներ և հեռու պահվեր օտարների աչքից:
Ժամանակակից սարքավորումները հեշտությամբ հնարավորություն են տալիս ռազմական օբյեկտների կոորդինանտները բարձր ճշտությամբ ու ակնթարթորեն հաղորդել ում հարկն է:
Ասում էին՝ այդ օտար թղթակիցների ու լրագրողների հեռանալուց հետո, սկսվում էին դիրքերի ռմբակոծությունները: Ոմանք չէին հավատում, որ դա այդպես է:
Ինչու՞ սա հիշեցի:


Մի քանի օր առաջ մտա այդ Պեգովի «Տելեգրամ» ալիքի էջը: Աչքերիս չէի հավատում նրա տեղադրած լկտի հակահայկական նյութերից: Նույնիսկ ադրբեջանցիները այդպիսի նյութեր չէին տարածում, որտեղ ատելության թույն էր ծորում Հայաստանի ու արցախահայության դեմ:
Ով գրանցված է «Տելեգրամ» ալիքում, կարող է մտնել և համոզվել:
Մեր միամտությունն ու պարզասրտությունն են նաև մեր թշնամին, որ ամեն մի հուդայածին լրբի սրբացնում ու գլխներիս տեղ ենք տալիս:


Ակամա հորեղբորս՝ Արցախի բանաստեղծ, գրող Վազգեն Օվյանի տողերն եմ նորից հիշում.
Մենք այնքան պարզ ենք ու անմտածված,
Մեր դուռն այնքան մեր սրտի պես բաց է,
Որ մենք կարող ենք մեր տունը մտած
Ամեն Հուդայի աստվածացնել։

Դիտվել է՝ 19464

Մեկնաբանություններ